Back to top

2020 Front Line Defenders Award for Human Rights Defenders at Risk

 

 

2020 մրցանակի տարածաշրջանային հաղթողները.

Մեքֆուլա Մինթ Բրահիմ, Հանուն կանաչ և ժողովրդավար Մավրիտանիայի, Մավրիտանիա

MekfoulaՄեքֆուլա Մինթ Բրահիմը մարդու իրավունքների կին պաշտպան է, որը պայքարում է Մավրիտանիայում կրոնական ծայրահեղականության և խտրականության՝ մասնավորապես կանանց և Հարաթինի և անդրսահարյան Աֆրիկայի համայնքների անդամների նկատմամբ խտրական գործելակերպի դեմ: Նա 2009 թվականին հիմնադրված Հանուն կանաչ և ժողովրդավար Մավրիտանիայի իրավապաշտպան կազմակերպության նախագահն է, որը առաջնորդում է կանանց հզորացման ծրագրերը գյուղական բնակավայրերում: Նա նաև Մավրիտանական պետության վերահիմնադրման ալյանսի (ՄՊՎԱ) անդամ է, որը խթանում է լավ կառավարումը և պայքարում է անպատժելիության դեմ: Մեքֆուլան երկու անգամ ձերբակալվել է և այս տարվա փետրվարին կալանավորվել մարդու իրավունքների այլ իրավապաշտպանների հետ՝ շարունակվող հետապնդումների պայմաններում՝ Հանուն կանաչ և ժողովրդվար Մավրիտանիայի և ՄՊՎԱ-ի հանդիպումը իր տանը կազմակերպելու համար:

 

Կաուկայի տեղական պահակախումբ, Կոլումբիա

Կաուկայի տեղական պահակախումբը՝ Կիվե Տենյասը (Կյանքի և տարածքի պաշտպանները) Կաուկայի հյուսիսի տեղաբնիկների խորհուրդների ընկերակցության ՀՏԽԸ բաղկացուցիչ մասն է և Կաուկայի տեղաբնիկների տարածաշրջանային խորհրդի դուստր կառույցը, որը սերնդե սերունդ փոխանցված դիմադրության ու կյանքի համայնքային դրսևորումն է կանանց ու տղամարդկանց, տղաների ու աղջիկների կողմից ոչ զինյալ՝ խաղաղ ձևով պաշտպանելու սեփական տարածքը: Այն հիմնադրվել է Կոլումբիայի հարավարևմտյան ամենաբռնի տարածաշրջանում՝ Կաուկայում և 2001 թվականից ի վեր գործել է որպես կազմակերպված խումբ: Պահակախմբի մեծամասնությունը սերում է տեղաբնիկների Նասա ցեղախմբից, որն ամենամեծն է ու ամենակազմակերպվածը և տարիների ընթացքում սովորեցրել է Կոլումբիայի այլ համայնքներին պաշտպանել սեփական տարածքը: Մինչդեռ տեղում գործող զինված ուժերի, թմրանյութերի առևտրի և կորպորացիաների կողմից առկա ռեսուրսների շահագործման արդյունքում իրենց համայնքները դարձել են բազմաբնույթ բռնությունների թատերաբեմ: Իր բազմաթիվ գործողությունների շարքում պահակախումբը համայնքների հետ իրականացնում է խմբային պաշտպանության գործողություններ, իրազեկմանն և խաղաղությանը նվիրված քննարկումներ, շրջայցեր տարածքներում, զինված գործողությունների զոհ դարձած երեխաների հումանիտար պաշտպանություն, մարդասիրական գործողությունների շրջանակներում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորների փրկություն, ականների ռիսկերի ուսուցման դասընթաց և կարողությունների զարգացում, ինչպես նաև իրենց հողերից զանգվածաբար տեղահանված համայնքներին տրամադրվող օգնության գործողություններ: Իր դերակատարության շնորհիվ պահակախումբը տարբեր գործող անձանց կողմից հարձակումների թիրախ է դարձել, որոնք փորձում են կոտրել վերջինիս կողմից ներկայացող համայնքների խաղաղ դիմադրությունը: 

 

Ջուվայրիյա Մոհիդին, Մահմեդական կանանց զարգացման տրեստ (ՄԿԶՏ), Շրի Լանկա

Ջուվայրիյա Մոհիդինը մահմեդական կին իրավապաշտպան է, որը գործում է Շրի Լանկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պուտալամում: Նա և իր ընտանիքը հյուսիսային մահմեդական համայնքի մաս են կազմում, որը Թամիլ Էլեմի Ազատագրման վագրերի կողմից բռնի տեղահանվել է 1990 թվականի հոկտեմբերին: Երեսուն տարի անց նա շարունակում է ապրել Պուտալամի փախստականների ավանում: Ջուվայրիյան իր աշխատանքը մեկնարկեց Գյուղերի զարգացման հիմնադրամում`տրամադրելով աջակցություն տեղահանվածներին: Տասնհինգ տարիների ընթացքում նա բացահայտեց մարդու իրավունքների / հումանիտար օգնության տեղական հատվածում կանանց և աղջիկներին ուղղված կրիտիկական աջակցության բացը: 2010 նաև հիմնադրեց «Մահմեդական կանանց զարգացման տրեստը» (ՄԿԶՏ), որի գործադիր տնօրենն է: ՄԿԶՏ- ն ամենօրյա գործնական աջակցություն, սփոփանք, խորհրդատվություն և իրավաբանական օգնություն է տրամադրում չարաշահման, բռնության և խտրականության ենթարկված կանանց և աղջիկներին: Ջուվայրիյան մահմեդական կանանց և աղջիկներին Շրի Լանկայում ապրող ոչ մահմեդական քույրերին հավասար հիմնարար իրավունքներ պահանջող՝ Շարիաթը բարեփոխելու կոչերի առաջնագծում է: Նա, ի հեճուկս անձնական և իր ընտանիքի հասցեին հնչած սպառնալիքների, բացահայտ ապատեղեկատվության և հարձակումների, դավաճանի պիտակումների ու մերձավոր համայնքի որոշ հատվածի մերժման, մնացել է աներեր:

 

Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան

Լարա Ահարոնյանը կին իրավապաշտպան է, ով աշխատում է Հայաստանում կանանց իրավունքներն առաջ մղելու ուղղությամբ: Նա «Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան» հասարակական ֆեմինիստական կազմակերպության համահիմնադիրն է, որը հիմնված է Երևանում և զորակցում է կանանց ու աղջիկներին ակտիվ քաղաքացի դառնալու համար՝ պայքարելով գենդերային բացասական կարծրատիպերի դեմ և տրամադրելով հոգեբանական և իրավական աջակցություն գենդերային բռնություն վերապրածներին: Հայաստանում Լարա Ահարոնյանը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և տրանս, լեսբի և բիսեքսուալ կանանց ներգրավման հարցում մեծ փորձ ունի՝ ի լրումն կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների իրազեկման: Նա նաև Մարդու իրավունքների տան (Հայաստան) խորհրդի անդամ է: 2018-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովում մարգինալացված խմբերի, այդ թվում ՝ ԼԳԲՏ կանանց պաշտպանությամբ հանդես գալուց հետո Լարան անընդհատ հարձակման էր ենթարկվում ծայրահեղ աջ խմբերի և անհատների կողմից: Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականին իշխանության եկած նոր կառավարությունը հանրայնորեն չի թիրախավորում մարդու իրավունքների պաշտպաններին, սակայն Լարան և մյուսները գնալով ավելի ու ավելի են թիրախավորվում աջակողմյան ազգայնական խմբերի կողմից, իսկ կառավարությունը չի ապահովում իրավապաշտպանների պաշտպանութունը:

 

Ֆաթիմա Ալ-Բահադլի, Ալ-Ֆիրդաուս ընկերություն, Իրաք

Ֆաթիմա Ալ-Բահադլին իրաքցի կին իրավապաշտպան է Իրաքի հարավային Բասրա քաղաքից: Նա «Ալ-Ֆիրդաուս ընկերություն» կազմակերպության հիմնադիրն է, որը ուղղված է պատերազմից տուժած կանանց և աղջիկներին պաշտպանելուն և խաղաղաշինական գործընթացներում վեջրինների դերակատարությունը ամրապնդելուն: Ալ-Ֆիրդաուսը տրամադրում է գրագիտության, կրթական և հմտությունների զարգացման սեմինարներ և առավել մարգինալացված վայրերում, ներառյալ գյուղական բնակավայրերում աշխատանքներ է տանում կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու ուղղությամբ: Ֆաթիման և նրա կազմակերպությունը համայնքի անդամների շրջանում իրազեկման աշխատանքներ են իրականացնում միտված վաղ ամուսնության ու կանանց ու աղջիկների կողմից դպրոցը վաղաժամ թողնելու հետևանքների մասին՝ կոչ անելով կրոնական առաջնորդներին և ցեղապետերին ճանաչել կանանց կարևոր դերը հասարակության մեջ: Հասարակության ռազմականացման դեմ պայքարելու նպատակով՝ Ֆաթիման նաև աշխատում է երիտասարդների հետ: Նա պայքարում է զինյալ խմբավորումներում երեխաների և երիտասարդների ներգրավման դեմ և աշխատում է նրանց հասարակության մեջ վերաինտեգրման ուղղությամբ: Տարիների ընթացքում իր գործունեության արդյունքում Ֆաթիման ստացել է մահվան սպառնալիքներ և ցեղակիցների կողմից ենթարկվել խիստ սոցիալական ճնշումների: